Կրկին ապատեղեկատվություն, այս անգամ` Բաքու-Թբիլիսի թռիչքի վերաբերյալ

Ադրբեջանական ինքնաթիռ. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի տեղեկատվական հենք նախապատրաստել հերթական սադրանքի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին տարածել է թվով երրորդ ստահոդ հաղորդագրությունը, հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
Ասվում է, իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին ժամը 20։28-ից ժամը 20։34-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Բաքու-Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ կեղծիք է . հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չունի ոչ միայն ԱՀ օդային սահմանները հատելու, այլ անգամ դրանց մոտենալու կարիք»,–ասված է ՊԲ–ի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։
«Կրկին հիշեցնենք, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարումը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր արդեն Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը 2 ապատեղեկատվություն տարածել է Արցախի վերաբերյալ։
ՊԲ–ն ավելի ուշ հայտնեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 18 -ին ժամը 23:50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Կարճ ժամանակ անց Ադրբեջանի ԱԱԾ–ն ապատեղեկատվություն տարածեց, որը կրկին հերքեց Արցախի ՊԲ–ն` ասելով, որԱդրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկային ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է։