Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Խաղաղապահները զենք կիրառելու իրավունք չունեն, քանի դեռ իրենց ոչինչ չի սպառնում. Կարտապոլով

Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավարը մեկնաբանել է այն հարցը, թե արդյոք ռուս խաղաղապահները մարտական գործողությունների մեջ մտնելու մանդատ ունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Խաղաղապահները զենք կիրառելու իրավունք չունեն, քանի դեռ ԼՂ–ում իրենց ոչինչ չի սպառնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը։
«Քանի դեռ խաղաղապահներին բացարձակ ոչինչ չի սպառնում, նրանք զենք կիրառելու իրավունք չունեն», – ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուս խաղաղապահները մարտական գործողությունների մեջ մտնելու մանդատ ունեն։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։