ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 7 բուժառու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նրանք Հայաստան են տեղափոխվել անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար։ Բուժառուների հետ նաև ուղեկցող անձինք են եղել։
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուի (ուղեկցողների հետ), որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 6-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 67 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը` ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Սեպտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը` շեշտելով, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։
Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Ակնա-Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ։ Շուրջ 28 տոննա հումանիտար բեռը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ: