Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Ռայիսի

Էբրահիմ Ռայիսի
Իրանի նախագահը կրկին հերքել է Ռուսաստանին զենք վաճառելու մեղադրանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, իսկ ԱՄՆ–ն պետք է փորձի մարել հակամարտության կրակը՝ դադարեցնելով զենքի վաճառքը։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում լրատվամիջոցների ղեկավարների և գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Տեղեկությունը հայտնում է իրանական ISNA գործակալությունը:
Ռայիսին նշել է, որ ԱՄՆ–ն պետք է փորձի վերջ դնել այդ հակամարտությանը` դադարեցնելով զենքի վաճառքը։
Նա միաժամանակ անդրադարձել է նաև այն մեղադրանքներին, թե Իրանը զենք է վաճառում Ռուսաստանին` ընդգծելով, որ Ուկրաինան մինչ օրս այդ մասին որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:
Ռայիսին սեպտեմբերի 15-ին ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Իրանը զենք չի մատակարարում Ռուսաստանին, մինչդեռ ԱՄՆ–ն Ուկրաինան «հեղեղում» է զենքով և նույնիսկ հարստացած ուրանով:
Արևմուտքից պնդում են, թե Իրանն անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այդ մեղադրանքները։ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը ՌԴ-ին անօդաչու սարքեր մատակարարել է, սակայն հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ:
Իրան–ՌԴ 20-ամյա համաձայնագիրը կարող է խաղաքարտ լինել միջուկային բանակցություններում