ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 19-ին` ժամը 02։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր արդեն 2 անգամ Ադրբեջանի ՊՆ–ն ապատեղեկատվություն է տարածել Արցախի ՊԲ ստորաբաժանումների վերաբերյալ։ ՊԲ–ն հերքեց Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 18 -ին ժամը 23:50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հետո արդեն Արցախի ՊԲ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկային ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է։