ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի. ՀՀ ՊՆ պարզաբանումը

ՀՀ ՊՆ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը` նշելով, որ ՀՀ ՊՆ-ն բազմիցս հայտարարել է այդ մասին։
«Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Հրետակոծվում են Ստեփանակերտն ու այլ քաղաքներ և գյուղեր։
Ավելի ուշ ՀՀ ՊՆ–ն հայտեց, որ ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է։
Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։