Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Մնացական Սաֆարյան
ԱԳՆ–ում տեղի են ունեցել նաև հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված մյուս դեսպանների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը նախապես տեղյակ չի եղել , որ Ադրբեջանը սկսում է լայնծավալ ռազմական գործողություններ։ Այս մասին ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին հայտնել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին հայտարարեց Մնացական Սաֆարյանը՝ նշելով որ քիչ առաջ է հանդիպել դեսպանի հետ։
Նա հայտնեց նաև, որ այսօր ԱԳՆ–ում տեղի են ունեցել նաև հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ղեկավարների հետ։
«Նրանց նույնպես ներկայացվել է ընդհանուր իրավիճակը։ Ձեռնարկվել են ու շարունակվում են աշխատանքները բոլոր ուղղություններով , բոլոր դեսպանատների ներգրավմամբ»,– ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական ​​միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, սակայն, հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում վիրավորների թիվը հասել է 26-ի (11 երեխա), իսկ զոհերը 2–ն են (1-ը երեխա)։