Հայկական բիզնեսն առաջին անգամ բնակելի համալիր կկառուցի Դուբայում

ԱՄԷ–ի շուկան այժմ վերելք է ապրում` կառուցապատողներին բազմաթիվ հողեր են հատկացվում, պահանջարկն էլ աճում է ամբողջ աշխարհից։ Հայկական բիզնեսն ուզում է օգտվել այդ ներուժից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայկական բիզնեսն առաջին անգամ բնակելի համալիր կկառուցի Դուբայում։ «Արարէ» ընկերության դիզայնի բաժնի ղեկավար Նարեկ Մակդիսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ընկերությունն արդեն գրասենյակ է բացել Դուբայում և սկսել է նախագծային աշխատանքները, 2024 թվականի գարնանն էլ պատրաստվում է արդեն սկսել շինարարությունը։
Բնակելի համալիրը նախատեսված է միջինից բարձր եկամուտ ունեցող գնորդների համար։ Բնակելի տարածքների հետ մեկտեղ նաև գրասենյակային տարածքներ կկառուցվեն։ Շինությունը նախատեսվում է շահագործման հանձնել 2-3 տարում։
Մակդիսյանի խոսքով` ընկերությունն արդեն տեղի իշխանություններից ստացել է կառուցապատման համար անհրաժեշտ հավաստագրերը և այժմ հողատարածքների տարբերակներ է դիտարկում։
«Ուզում ենք աշխատուժ ներգրավվել և՛ Հայաստանից, և՛ ԱՄԷ–ից, որպեսզի մասնագետները կարողանան միմյանց հմտություններն ու փորձը ընդօրինակել։ Դա կլինի ի շահ բոլորին։ Մտածում ենք, թեև դեռ վերջնական չենք որոշել, մեր շենքերը հայկական տուֆով երեսպատել, որպեսզի նախագծի ազգային դիզայնը ուշադրություն գրավի», – ասաց Մակդիսյանը։
Նա հավելեց, որ ԱՄԷ–ի անշարժ գույքի շուկան այժմ մեծ վերելք է ապրում. կառուցապատման համար բազմաթիվ ազատ հողատարածքներ կան, պահանջարկն էլ աճում է ամբողջ աշխարհում, մասնավորապես ունևորների շրջանում, այդ թվում` «ոսկե վիզաների» շնորհիվ (սեփական անձի և ընտանիքի անդամների համար մշտական բնակության թույլտվություն որոշակի ծավալի ներդրում կատարելու, այդ թվում` անշարժ գույք ձեռք բերելու դիմաց)։
Նարեկ Մակդիսյան
«Եթե դուք, օրինակ, բնակարան եք ձեռք բերում երկու միլիոն դոլարով և վճարում մեկ միլիոնը, ապա արդեն «ոսկե վիզա» եք ստանում։ Համեմատության համար նշեմ, որ 70-80 քմ մակերեսով բնակարանի արժեքը Դուբայում սկսվում է 1.5 մլն դիրհամից, այսինքն` մոտավորապես 400 հազար դոլարից։ Ինչպես տեսնում եք, Երևանում էլիտար բնակարանների արժեքն արդեն մոտենում է այդ մակարդակին։ Բայց պետք է նշել նաև, որ Դուբայում հիփոթեքային տոկոսներն ավելի ցածր են, որպես կանոն` 4-6%–ի սահմանում», – հավելեց Մակդիսյանը։
Որոշողը բանկն է. ինչո՞ւ են վարկերի տոկոսներն ակտիվորեն բարձրացնում, դժկամությամբ իջեցնում
Հայկական այլ ընկերությունների հետ համագործակցելու համար (այդ թվում` արաբական շուկայում) ընկերությունը հարթակ է ստեղծել, որտեղ գործարարները կարող են նախագծերի մոդելներ ցուցադրել, գնորդներն էլ` ցանկալի փոփոխություններ անել նախագծի մեջ, իսկ ապագայում` ներքին հարդարանքի հետ կապված իրենց ցանկությունները հայտնել։
ԱՄԷ–ն Հայաստանի համար երրորդ խոշոր առևտրային գործընկերներն է. Քերոբյան