ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ ու քննարկել այսօր լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը։ Այս մասին Միրզոյանը գրել է X–ի իր միկրոբլոկում։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան լրջորեն սպառնում է Հարավային Կովկասում կայունությանը:
«Կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերները պետք է հստակ ազդակ հղեն ագրեսիայի անընդունելիության մասին և Բաքվին ուղղորդեն դեպի կառուցողական հուն»,– ասել է Միրզոյանը։
Նշենք, որ ավելի վաղ Իրանի Իսլամական Հարապետությունը կոչ էր արել կողմերին հավատարիմ մնալ եռակողմ հայտարարության դրույթներին և խնդիրները կարգավորել երկխոսության միջոցով։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ (այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ), 140 վիրավոր։