ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Եվրախորհրդարանի մի քանի հանձնաժողովներ Եվրոպական խորհրդին կոչ են արել դիտարկել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցների սահմանումը: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի տարածած հայտարարության մեջ։
«Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի` այսօրվա նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ Եվրախորհրդարանը կոչ է անում, որ եթե ադրբեջանական հարձակումն անհապաղ չդադարեցվի,Եվրոպական խորհուրդը պետք է հիմնովին վերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունները և դիտարկի Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։
Եվրոպացի խորհրդարանականները նշում են, որ ցավում են այսօր ավելի վաղ ականների պայթյունների հետևանքով ադրբեջանցի զոհերի համար, ցավակցում են նրանց ընտանիքներին, սակայն դա ոչ մի պարագայում չի արդարացնում Ադրբեջանի լայնածավալ ռազմական էսկալացիան։
«Ակնհայտ նախապես ծրագրված հարձակումը, որը, ըստ հաղորդումների, շփման գծի ամբողջ երկայնքով է, տեղի է ունեցել պայթյուններից ընդամենը մի քանի ժամ անց և Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի ու ագրեսիվ հռետորաբանության` մի քանի շաբաթ շարունակ դիտարկված աճից հետո, բացարձակապես անընդունելի է»,– ընդգծված է հայտարարության մեջ:
ԵԽ հանձնաժողովները կոչ են անում Ադրբեջանին ռազմական էսկալացիայի միջոցովտեղի բնակչությանը դուրս չհանել Լեռնային Ղարաբաղից։
Հայտարարությանը միացած հանձնաժողովները կոչ են անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Շեշտվում է, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի հարաբերություններում առաջընթացի հասնելու միակ ճանապարհն են, որին մշտապես պատրաստ է աջակցել ԵՄ-ն:
Նրանք հիշեցնում են, որ արդեն 9 ամիս է` Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության վերաբերյալ Բաքվի պարտավորությունները և Միջազգային դատարանի իրավականորեն պարտադիր որոշումները։ Շեշտվում է, որ մարդասիրական մուտքը Լեռնային Ղարաբաղ պետք է ամբողջությամբ և ընդմիշտ վերականգնվի։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ այս պահի դրությամբ Հանրապետական բժշկական կենտրոնում կա 80 վիրավոր։ Նախնական տվյալներով՝ նրանցից 15-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թիվը 5 է։