ԵԽ ղեկավար Շառլ Միշելը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը . Արխիվային լուսանկար
Նա կարծում է, որ Բաքվի և արցախցիների միջև իրական երկխոսություն պետք է լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Այսօր նախկին Լեռնային Ղարաբաղի մարզից ավերիչ լուրեր են գալիս։ Ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, որպեսզի ապահովվի Բաքվի և ղարաբաղահայության միջև իրական երկխոսության հնարավորությունը»,– գրել է նա։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։