ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին այսօր կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Նա այդ մասին գրել է X սոցցանում։
«Այսօր Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում ես կհանդիպեմ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ և կվերսկսեմ դիվանագիտական հարաբերությունները շարունակելու և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերի առաջնահերթության իմ կոչը»,– գրել է նա։
Նա մեկ այլ գրառում էլ է արել` նշելով, որ խորապես մտահոգված է Ստեփանակերտում ռազմական գործողությունների և դրանց հետևանքով քաղաքացիական բնակչության վտանգի մասին հաղորդագրություններով:
Ըստ Օսմանիի` խաղաղ երկխոսությունը պետք է լինի միակ տարբերակը, և հումանիտար նկատառումները պետք է գերակշռեն։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը պնդում է, որ իրենք գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցնում առաջնագծում և խորքում՝ ավերելով հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները։
Նշվում է, որ իբր քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։