ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի պետք է բռնագանձել 3 անշարժ գույք, ավելի քան 161 մլն դրամ։ Նման հայցադիմում է ՀՀ հակակոռուպցիոն դատարան ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ դատարանն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը վարույթ է ընդունել 2023 թ. օգոստոսի 25-ին:
Դատարանին ՀՀ դատախազությունը հայցադիմումով 3 պահանջ է ներկայացրել՝
1.
Երևանում գտնվող 3 անշարժ գույք, որոնց միջին շուկայական արժեքը` 562 մլն 160 հազար դրամ է,2.
133 մլն 580 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,3.
28 մլն 69 հազար դրամ, որն ունի ապօրինի ծագում:Հիշեցնենք, որ 2023 թ. օգոստոսի 17–ին «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» կատարված չարաշահումների գործով ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրվել 6 անձի, 2-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ 2018 թ. ամռանը` ստուգումներից հետո, արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանն ազատվեց աշխատանքից։