Բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ. ՀՀ առողջապահության նախարարություն

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։ Նրանք այս պահին անցնում են բժշկական անհրաժեշտ հետազոտություններ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարությունը նրանց առողջական վիճակի մասին կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։
Նշենք, որ այսօր կեսօրից ակցիա է ընթանում ՀՀ կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց։ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայից հետո քաղաքացիները պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։
Ուշ երեկոյան ՀՀ կառավարության շենքի մոտ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց բողոքի ակցիայի մասնակցիների նկատմամբ։ Հնչեց երեք պայթյուն, որի արդյունքում կառավարության շենքը շրջակայքը ծխապատվեց։
ՀՀ կառավարության շենքի մոտ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների դեմ
ՀՀ կառավարության շենքի մոտ են նաև ՀՀ ՆԳՆ հատուկջոկատայինները։
Կառավարության շենքի մոտ ընթացքող բողոքի ակցիայի մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը` հորդորելով տուրք չտալ հնարավոր սադրանքներին։ ԱԱԾ–ից նշում են, որ ՀՀ–ում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ։