ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի-Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ամենայն հավանականությամբ, 24 ժամվա ընթացքում կներգրավվի դիվանագիտական աշխատանքում՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության հետ: Այս մասին գրում է Reuters–ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի իր աղբյուրներին։
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ի կողմից դիվանագիտական աշխատանքներն արդեն սկսվել են, և Վաշինգտոնը ներկայիս իրավիճակը հատկապես վտանգավոր է համարում:
«Այդ պատճառով մենք կապի մեջ ենք բոլոր կողմերի հետ։ Այն, ինչ տեղի է ունենում, անհանգստություն է ներշնչում հատկապես այն պատճառով, որ երեկ մենք ականատես եղանք որոշակի առաջընթացի Լաչինի միջանցքով փոխադրումների հարցում»,–գրել է կայքը։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով քննարկել էր ստեղծված իրավիճակը Բլինկենի հետ:
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ (այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ), 140 վիրավոր։