ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ասկերանում Ադրբեջանի ԶՈւ–ն կիրառել է ականանետ, հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 19֊ ին ժամը 11։10֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով ականանետ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Հավելենք, որ այսօր ադրբեջանական կողմն արդեն 3 ապատեղեկատվություն է տարածել։
Առավոտյան ՊԲ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 18 -ին ժամը 23:50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Կարճ ժամանակ անց Ադրբեջանի ԱԱԾ–ն ապատեղեկատվություն տարածեց, որը կրկին հերքեց Արցախի ՊԲ–ն` ասելով, որԱդրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկային ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է։
Ավելի ուշ Արցախի պաշտպանական գերատեսչությունը ստիպված եղավ հերքել Ադրբեջանի ՊՆ–ի տարածած 3–րդ կեղծ հաղորդագրությունը, որով ասում էին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին ժամը 20։28-ից ժամը 20։34-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Բաքու-Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։