ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Մարտունի քաղաքի 41-ամյա բնակիչ, անհատ ձեռներեց Մ. Գ.-ին պատկանող խանութում ոստիկանությունն առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Կատարված ստուգումներից պարզվել է, որ վերջինս Ստեփանակերտ քաղաքում բնակվող ոմն Ավոյից (տվյալները պարզվում են), ձեռք է բերել 800 տուփ «Վարանդա» տեսակի ծխախոտ և այն վաճառել 1 տուփը 4000 ՀՀ դրամով։ Զննությամբ վերջինիս խանութից հայտնաբերվել է 56 տուփ «Վարանդա» տեսակի առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ»,– ասված է հաղորդագրությունում։
Հաղորդագրության մեկնաբանություններում տասնյակ արցախցիներ գրել են. «յաման օպերատիվք աշխատում», «քնից արթնացա՞լ ա ոստիկանությունը», «ոստիկանը զարթնել ա», «դուք նրանց բռնեցեք, վեր 30.000-40.000–ով են վաճառում», «գները մենակ սիգարետինը չի թանկացել, ամեն հինչը», «կարտոշկան` 3000 դրամ, ձուն` 1000, ու տի շարունակելի»։ Օգտատերերն այսպիսով փորձել են կոչ անել ոստիկանությանը, որպեսզի ավելի ուշադիր լինեն տնտեսվարողների նկատմամբ համեմատաբար բարեխիղճ լինելու համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18–ի առավոտյան Բերձորի (Լաչին) միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։
2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։