Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախի 6 համայնքների բնակիչներին տարհանել են. Արցախի ՄԻՊ

Բնակիչները տարհանվել են Ասկերանի և Մարտունու շրջանի մի քանի գյուղերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Արցախի 6 համայնքների քաղաքացիական բնակչությանը տարհանել են։ X–ի իր միկրոբլոգում հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ըստ Ստեփանյանի` տարհանվել են Խրամորթ, Խնապատ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ համայնքների բնակիչները։
Նշենք, որ թվարկված գյուղերը Ասկերանի և Մարտունու շրջաններում են։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ այս պահի դրությամբ Հանրապետական բժշկական կենտրոնում կա 80 վիրավոր։ Նախնական տվյալներով՝ նրանցից 15-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թիվը 5 է։