ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը կրկին զգուշացում է տարածել իր քաղաքացիների համար` խորհուրդ տալով զգուշություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ։ Տեղեկությունը հրապարակված է դեսպանության պաշտոնական կայքէջում։ Նաև խորհուրդ տրվում խուսափել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, ինչպես նաև շփման գծի մոտ ուղևորություններից:
Ընդգծվում է, որ տեղական ԶԼՄ-ները և պաշտոնատար անձինք հաղորդում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մասին:
«ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ մուտքը սահմանափակ է»,– նշված է հայտարարության մեջ:
Միաժամանակ, դեսպանատունն ընդգծում է, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին խորհուրդ է տվել շարունակել հետևել գործող սահմանափակումներին, խուսափել որոշ ուղևորություններից։ Այդ ցուցակում են Տավուշի մարզում` Մ4 մայրուղու երկայնքով` Իջևանից հյուսիս և դեպի արևելք բոլոր շրջանները, Գեղարքունիքի մարզում` Սևանա լճից արևելք, հարավ և Մ10 մայրուղուց արևելք, Արարատի մարզում`Երասխը, ինչպես նաև Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ (այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ), 140 վիրավոր։