Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ադրբեջանը պատրաստ է հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ

Բաքու. Արխիվային լուսանկար
Արցախի ԱԳՆ–ում բազմիցս նշել են, որ Ստեփանակերտ–Բաքու երկխոսությունը հնարավոր է միայն միջազգային մեխանիզմների ներգրավմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը պատրաստ է հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմում։
«Ադրբեջանը պատրաստ է հանդիպել Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հետ Եվլախում»,– նշում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին լուծման միակ ելքը Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունն է։ Նա հավելել էր, որ Ադրբեջանն ամեն կերպ վիժեցնում է երկխոսության այդ հնարավորությունը։
Ավելի վաղ` օգոստոսի 1-ին, Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել` մեկնաբանելով հայկական տեղեկատվական դաշտում տարածված լուրերն Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման վերաբերյալ։
ԵՄ–ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները
Արցախի ԱԳՆ–ն ընդգծել էր, որ Արցախի Հանրապետության իշխանությունները միշտ պատրաստ են քննարկելու Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումների կազմակերպման վերաբերյալ ողջամիտ առաջարկներ:
Արցախի ԱԳՆ–ն ընդգծել էր, որ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է տեղի ունենա համապատասխան մանդատով օժտված միջազգային համաձայնեցված ձևաչափով:
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ևս 26-ը վնասվածքներ են ստացել, վիրավորներից 11–ը երեխաներ են։