Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ադրբեջանական ԶՈւ–ն ավիահարվածներ է հասցրել Ասկերանի և Մարտակերտի ուղղությամբ. Բեգլարյան

Ասկերան. Արխիվային լուսանկար
Արցախի նախկին պետնախարարն ավիահարվածների հետևանքների մասին դեռ տեղեկություն չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել Մարտակերտ քաղաքի և Ասկերանի շրջանի գյուղերի ուղղությամբ: X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Ալիևի ցեղասպան ուժերը ավելի քան 20 րոպե առաջ ավիահարվածներ են հասցրել Մարտակերտ քաղաքի և Ասկերանի շրջանի գյուղերի ուղղությամբ: Հետևանքների մասին դեռ տեղեկություն չունեմ»,– գրել է Բեգլարյանը։
Նա նաև նշել է, որ կրակոցներն ու մարտերը շարունակվում են, քաղաքացիական բնակչության և զինվորականների շրջանում մահերի, վիրավորումների թիվն աճում է։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ այս պահի դրությամբ Հանրապետական բժշկական կենտրոնում կա 80 վիրավոր։ Նախնական տվյալներով՝ նրանցից 15-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թիվը 5 է։