Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ադրբեջանական հարձակման հետևանքով Արցախում կա 25 զոհ. 2-ը խաղաղ բնակիչներ են

Ավելի վաղ հաղորդվում էր Հանրապետական բուժկենտրոնում գտնվող 80 վիրավորի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման հետևանքով Արցախում զոհերի թիվը հասել է 25–ի։ X–ի իր միկրոբլոգում տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նրա տեղեկություններով` զոհերից 2-ը խաղաղ բնակիչներ են։
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ, այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։