ՌԴ-ն ակնկալում է շարունակել անարգել մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղ. ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
Մոսկվան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքու–Ստեփանակերտ երկխոսության մեկնարկի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է շարունակել անարգել և կանոնավոր մարդասիրական մատակարարումները՝ ի շահ Լեռնային Ղարաբաղի բնակչության: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով և Լաչինի միջանցքով հումանիտար բեռների տեղափոխմանը։ Զախարովայի մեկնաբանությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Նա նշել է, որ ռուսական կողմը շարունակում է Լեռնային Ղարաբաղում բարդ հումանիտար իրավիճակի լուծմանն աջակցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` մարդասիրական փոխադրումների համար Լաչինի և Աղդամի երթուղիները զուգահեռ ապաշրջափակելու նախաձեռնության հիման վրա:
Մեկնաբանության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերի շնորհիվ ռուսական խաղաղապահ զորակազմի և ՌԴ ԱԳՆ–ի մասնակցությամբ, միաժամանակ երկու ուղղություններից պարենի և դեղորայքի խմբաքանակներ են հասցվել տարածաշրջան։
«Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրության աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեկնարկի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքի վերսկսման համար», - նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Նա նշել է, որ Մոսկվան լիովին շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմամբ:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Սեպտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը` շեշտելով, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։
Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Ակնա-Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ։ Ադրբեջանում ԿԽՄԿ Ներկայացուցչի խոսքով՝ Աղդամով տարած բեռները ներառում են ալյուր և դեղորայք։