ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձ Ա. Թ.-ն և Ա. Ա.-ն նորակոչիկի ծնողից և վարժական հավաքների մասնակիցներից խոշոր չափով կաշառք են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
«Ա. Թ.-ն նորակոչիկի զորակոչը հետաձգելու համար ստացել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք: Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում ստացած կաշառքի դիմաց հետաձգել է երկու քաղաքացու՝ վարժական հավաքներին մասնակցելը: Մեկ այլ դեպքում Ա. Թ.-ն, ստանալով կաշառք, մեկ քաղաքացու էլ ազատել է վարժական հավաքներին մասնակցելուց»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 թվականի մարտին Հ. Մ.-ն, իր որդուն կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու համար իր ծանոթ Ա. Գ.-ի և Ռ. Ա.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել Ա. Թ.-ի հետ: Այդ գործընթացը կազմակերպելու համար Ա. Թ.-ն պահանջել է 3.883.000 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար։ Նա Ռ. Ա.-ին խոստացել է ստացված կաշառքից 2000 ԱՄՆ դոլարը տրամադրել նրան:
Օրեր անց Ա. Թ.-ն փաստացի ստացել է ընդհանուր 2.874.252 ՀՀ դրամին համարժեք 7400 ԱՄՆ դոլար:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Թ.-ն ՊՆ մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում, վարժական հավաքներին մասնակցելը հետաձգելու համար երկու քաղաքացուց ստացել է 120.000-ական ՀՀ դրամ կաշառք:
Դրանցից բացի, Ա. Թ.-ն իր ծանոթին վարժական հավաքների ծանուցագիր չուղարկելու համար որպես կաշառք պահանջել է նրան պատկանող ռեստորանում 5 հոգու համար հյուրասիրություն: Ստանալով համաձայնություն՝ Ա. Թ.-ն և նրա հետ նույն վայրում աշխատող ՊՆ 4 այլ պաշտոնատար անձ այցելել են ռեստորան և Հ. Մ.-ի հաշվին ստացել հյուրասիրություն:
Վերը նշված հանցանքների կատարման համար Ա. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալը հոդվածով, Ռ. Ա.-ին՝ խոշոր չափերով կաշառք ստանալուն հանցակցելը, Ա. Գ.-ին` կաշառք տալուն հանցակցելը, Ա. Ա.-ին մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալը հոդվածով, իսկ նորակոչիկներին՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալը։
Նախաքննության ընթացքում Ա. Թ.-ի և Ա. Ա.-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը 8 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: