ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը քննարկել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի կողմից 9 ամսից ավել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ստեղծված հումանիտար ճգնաժամը, 120 հազար բնակչության բոլոր հիմնարար իրավունքների խախտումները: Ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժի վերականգնման հրատապությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Կարևորելով մինչ օրս ԵՄ և իր անդամ պետությունների կողմից հնչած հասցեական ուղերձները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի դադարեցմանն ուղղված հստակ քայլերի անհրաժեշտությունը:
ԱԳՆ–ից հայտնում են նաև, որ Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնեն առավել մանրամասն քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հարցեր՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված առաջնահերթությունների վրա: Այս համատեքստում ընդգծվել է առավել հավակնոտ քաղաքական օրակարգի ձևավորման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը: Նախարար Միրզոյանը գոհունակությամբ է նշել Ֆինլանդիայի ներկայացվածությունը Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության կազմում:
Նշենք, որ Արարատ Միրզոյանն այժմ ԱՄՆ–ում է։ Նա Նյու Յորք է մեկնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին մասնակցելու։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Սեպտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը` շեշտելով, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։
Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Ակնա-Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ։ Ադրբեջանում ԿԽՄԿ Ներկայացուցչի խոսքով՝ Աղդամով տարած բեռները ներառում են ալյուր և դեղորայք։