ԿԽՄԿ–ի հումանիտար օգնությունն արդեն Ստեփանակերտում է

Ներկայում Լաչինի միջանցքով Ստեփանակերտ է շարժվում ԿԽՄԿ երկրորդ շարասյունը, որն առաջինին զուգահեռ անցել է «Լաչին» անցակետով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ակնա–Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ հումանիտար օգնությունն արդեն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում է։ Այս մասին հայտնում է ռուս խաղաղապահների Telegram ալիքը։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Ակնա-Ստեփանակերտ երթուղով անցել է ԿԽՄԿ 1 բեռնատար և 2 մարդատար մեքենա, դրանք դիմավորել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի գրասենյակի աշխատակիցը։
ԿԽՄԿ–ի` Արցախ հասած հումանիտար օգնությունը
«Ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ Աղդամ (Ակնա)–Ստեփանակերտ երթուղով անցած ԿԽՄԿ հումանիտար օգնության առաջին մեքենաներն արդեն Ստեփանակերտում են։ Օգնությունը բեռնաթափում են ԿԽՄԿ պահեստում: Բեռի մեջմանկական տակդիրներ են, ներարկման համար նախատեսված հավաքածուներ և կաթիլային սարքեր։ Ներկայում Լաչինի միջանցքով Ստեփանակերտ է շարժվում ԿԽՄԿ երկրորդ շարասյունը, որն առաջինին զուգահեռ անցել է Լաչինի անցակետով»,– ասված է հաղորդագրությունում։
ԿԽՄԿ–ի` Արցախ հասած հումանիտար օգնությունը
Մարդասիրական օգնության մատակարարումը հնարավոր է եղել սկսել Ռուսաստանի և նրա խաղաղապահների ջանքերի շնորհիվ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։