ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Իշխանությունը, մեծ հաշվով, պարտվեց Երևանի ավագանու ընտրություններում, իսկ առավոտյան իշխանության ներկայացուցիչներն արթնացան ու հասկացան, որ իրենք անմահ ու անպարտելի չեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կիսաստված չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։
«Այս գիշեր առաջին անգամ իշխանության ներկայացուցիչներից շատերի մեջ մտավ այդ «ցեցը», որ անպարտելի չեն, հետևաբար պետք է ավելի զգույշ լինել։ Փաշինյանը շատ լավ հասկանում է դա, նրան պետք չէ թերագնահատել։ Եվ նա ամեն ինչ անելու է, որպեսզի իր լեգիտիմությունը ներսում ուժեղացնի, և ձգելու է իր իշխանության «գայկաները»։ Ու դա անելու է նախկին թալանի գաղափարի սրումով։ Նա ուրիշ ռեսուրս չունի»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով` ավագանու ընտրություններից հետ հստակ տարանջատվեցին իշխանությունը և Նիկոլ Փաշինյանը. ի տարբերություն իր իշխանության` Փաշինյանը բանակցությունների է գնում Ադրբեջանի նախագահի, այլ պետությունների առաջնորդների հետ, ամեն ինչ պերսոնալիզացրել է, այն դեպքում, երբ կա պետություն ու պետական ինստիտուտներ։
Ըստ վերլուծաբանի` այս ընտրություններից հետո հավանականություն կա, որ նա աշխարհին կասի, թե չունի այն բավարար աջակցությունը, որպեսզի թղթեր ստորագրի և շարունակի բանակցությունները այդ հունով։
«Եթե այդ հայտարարությունից հետո նա շարունակի մնալ իշխանության, ՀՀ–ն կանգնելու է դժվար վիճակի առջև, որովհետև դիմացը նստած մարդիկ ասելու են` խոստումներ ես տվել, կատարիր, գնա, քո հարցերը լուծիր։ Այդ մարդը օբյեկտիվորեն չի կարող արդեն լուծել։ Եթե ինքը (Նիկոլ Փաշինյանը. խմբ.) ունենա իրավական, քաղաքական, պետական գիտակցություն, կասի` ես չունեմ աջակցություն, ես գնում եմ»,– ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` այժմ գնդակը ընդդիմության դաշտում է։ Ցույց տալով, որ Նիկոլ Փաշինյանը չունի հանրային աջակցություն և նրան գցելով վիրավոր գազանի օրը` եթե հիմա նոր սոլիդ իշխանություն չձևավորվի, առաջին հերթին պետությունը շատ դժվար իրավիճակում կհայտնվի։
Քաղաքական վերլուծաբանը վստահ է` երևանցիների զգալի մասը տունը մնալով և չմասնակցելով ընտրություններին` նախ մերժեց գործող իշխանությանը, ապա քաղաքական ու հանրային էլիտաներին հայտ ներկայացրեց, որպեսզի նոր բան առաջարկեն իրենց։
«Այն, ինչ առաջարկում է Փաշինյանը, երեկ պարզվեց` շուտ էր մերժվել, բայց այդ մերժման համար լեգիտիմ արարողակարգ էր պետք է, որը Երևանի ընտրություններն էին։ Հանրությունն ասում է` ինձ այնպիսի բան առաջակեք, որ ես տնից դուրս գամ, գամ քվեարկության, միտինգի։ Հանրությունն ուզում է նոր իշխանություն, հոգնել է ապրել պատերազմի այս աննորմալ, չդադարող ռեժիմի ու սթրեսի մեջ։ Մարդիկ հոգնել են ամեն առավոտ արթնանալիս հեռախոսի մեջ նայելուց` տեսնելու` կռիվ սկսվել է, թե ոչ։ Դրա համար ուզում են, որ իրենց նոր, պոզիտիվ բան առաջարկեն»,– նշեց Հովհաննիսյանը։
Ըստ նրա` հասարակության նման հայտը բավարարելու համար նախ հետընտրական փուլում անհրաժեշտ է այս ընտրությանը մասնակցած ուժերի ռեֆորմացիա. «ոտքի վրա» դաշինքներով, քաղաքային թեմատիկայով ընտրության գնալը մի բան է, հետընտրական փուլում հասարակությանը սոլիդ տեսլական ձևակերպելը` մեկ այլ բան։
«Պետք է այնպիսի փաթեթ ձևակերպել, որը երկրի մակարդակով կիրացվի։ Այն ուժերը և անհատները, որոնք կգնան ռեֆորմացիայի, նրանք կունենան ապագա և կունենան դերակատարում ՀՀ հանրային կյանքում։ Ովքեր չեն ունենա, շատ արագ փոշիացնելու են ռեսուրսը և դառնալու են պատմություն»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ էին, որոնց մասնակցեցին 13 կուսակցություն և 1 դաշինք։
Մասնակից ուժերի քվեները բաշխվեցին հետևյալ կերպ`
1.
«Հանրային ձայն» կուսակցություն– 22․431 (9.68%),2.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն– 75․463 (32.57%),3.
«Արդար Հայաստան» կուսակցություն– 2595 (1.12%),4.
«Հաղթանակ» կուսակցություն– 3959 (1.71%),5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն– 1706 (0.74%),6.
«Հայաստանի եվրոպական կուսակցություն– 2572 (1.11%),7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն– 43․765 (18․89%),8.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն–780 (0.34%),9.
«Հանրապետություն» կուսակցություն– 26․236 (11.32%),10.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն–1282 (0.55%),11.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն– 4174 (1.8%),12.
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն– 2348 (1.01%),13.
«Ապրելու երկիր» կուսակցություն– 8425 (3.64%),14.
«Մայր Հայաստան» դաշինք– 35․739 (15.43%)։