Գերմանիան 400 մլն եվրոյի օգնության նոր ռազմական փաթեթ է պատրաստում Ուկրաինայի համար

Բորիս Պիստորիուս
Գերմանիայի պաշտպանության նախարարն ասել է, թե ինչ են ուղարկելու Ուկրաինա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիան Ուկրաինայի համար 400 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ռազմական և հումանիտար օգնության լրացուցիչ փաթեթ է պատրաստում: Տեղեկությունը «Bild»–ին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
«Մենք լրացուցիչ զինամթերք կմատակարարենք՝ արկեր, ականային հրթիռներ, քանի որ Ուկրաինան ամենից շատ ռազմամթերքի կարիք ունի»,– ասել է նա։
Պիստորիուսի խոսքով՝ Բեռլինն այդ փաթեթի շրջանակում Կիև կուղարկի զրահապատ մեքենաներ, ականազերծման համակարգեր, ձմեռային հագուստ, էլեկտրագեներատորներ և ջեռուցման համակարգեր:
ԱՄՆ-ն 1 մլրդ դոլարի նոր օգնություն է խոստացել Ուկրաինային
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։