ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի 14-ամյա սանին ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մոտակայքում ծառայություն կատարելու ժամանակ ոստիկանը նկատել է տղային ու պարզել, որ վերջինս մանկատան սան է։ 14-ամյա դեռահասին տեղափոխել են ոստիկանություն, որտեղ նա պատմել է, որ ոտքերով և ձեռքերով հարվածել են իր մարմնի տարբեր հատվածներին, նա դեմքի և պարանոցի շրջաններում մարմնական վնասվածքներ է ստացել։ Այդ ամենից հետո տղան հեռացել է մանկատնից։
Դեպքի առնչությամբ փաստաթղթեր են ձևակերպվել, գործը քննչական կոմիտեում է։ Երեխային էլ կրկին տեղափոխել են Գավառի մանկատուն։