ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. 2022 թվականին ԵԱՏՄ մտավոր սեփականության ոլորտում ավելի քան 6 հազար իրավախախտում և հանցագործություն է բացահայտվել։ «Եվրասիական կամուրջ» հաղորդման եթերում տեղեկությունը հայտնել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի փոխտնօրեն Նուրժամալ Իլյասովան։
Նրա խոսքով` ԵԱՏՄ անդամ երկրներում ավանդաբար գերակշռում են կեղծված ապրանքների հետևյալ տեսակները` բարձր դասի ապրանքանիշների հագուստ և կոշիկ։ Հատուկ մտահոգություն է առաջացնում մանկական խաղալիքների, մեքենաների պահեստամասերի և դեղորայքի կեղծումը։
«Կեղծված ապրանքների առգրավված ծավալը միության երկրներում շուրջ 9 մլն միավոր է կազմել։ Սա վերջին տարիների ցուցանիշներից ցածր է», – ասել է Իլյասովան։
Նրա խոսքով` պատճառը տնտեսական նոր իրողությունների պայմաններում ապրանքաշրջանառության էական նվազումն է, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի կտրուկ ակտիվացումը, որը թույլ է տալիս կեղծված ապրանքների տարածման գաղտնի սխեմաներ կիրառել։
Կեղծված ապրանքների շրջանառության հակազդման ավանդական գործիքը իրավախախտներին քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելն է։
Վերջին շրջանում այս միջոցներին ավելացել են նաև նոր մեխանիզմներ` մակնշում և ապրանքների վերահսկողություն, ինտերնետ ռեսուրսների դատական և արտադատական մեխանիզմների արգելափակում, ռիսկերի կառավարման մեխանիզմների կիրառում, սպառողների գրագիտության մակարդակի բարձրացնում և այլն։
Կեղծ ապրանքների դեմ պայքարի ավանդական գործիքակազմի կատարելագործումն ու նոր մեխանիզմների ներդնումն իրականացվում է ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ` համատեղ։ Ապրանքների ապօրինի շրջանառման մեկ այլ արդյունավետ միջոց է մակնշումը։
Կեղծ ապրանքների առևտուրը կանխելու համար ԵՏՀ–ն նախատեսում է ապրանքային նշանների և անվանումների, ապրանքների ծագման վայրերի գրանցման տարածաշրջանային համակարգ, ԵԱՏՄ մտավոր սեփականության օբյեկտների մաքսային միասնական ռեգիստր և մտավոր սեփականության օբյեկտների որոնողական առցանց ծառայություն ստեղծել։
Նախատեսվում է նաև համաձայնագրի նախագծի պատրաստում, որը նոր արդյունավետ գործիքներ է սահմանում Ինտերնետում իրավունքների խախտման դեմ պայքարի համար։
ԵԱՏՄ շուկայում կեղծված ապրանքների ապօրինի շրջանառությանը հակազդելու հարցերը, ինչպես նաև այդ ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները կքննարկվեն Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 5-6–ը անցկացվող «Անտիկոնտրաֆակտ-203» միջազգային համաժողովի շրջանակում։