Արսեն Հարությունյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Արսեն Հարությունյան
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականին բրոնզե երկրորդ մեդալը բերեց Արսեն Հարությունյանը։ Եվ այդ հաղթանակը մեր հավաքականին նաև օլիմպիական առաջին ուղեգիրն ապահովեց ըմբշամարտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 11:0 հաշվով հաղթեց ղազախ Մայրամբեկ Կարտբային։

Արսենը միանգամից նետվեց առաջ ու շատ արագ կարողացավ երեք միավոր վաստակել։ Շարունակելով գրոհել` Հարությունյանն իր առավելությունը հասցրեց 7։0-ի։ Իսկ երկրորդ մրցափուլում հայ ըմբիշը ձևակերպեց իր բացահայտ առավելությունը՝ 11։0, և երրորդ անգամ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը մրցումների հաղթողի հիմնական հավակնորդներից մեկն էր համարվում։ Իզուր չէ, որ իր մրցուղին սկսելով որակավորման փուլից` նա իրար հետևից երեք հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Ընդ որում` բոլոր գոտեմարտերում էլ հայ ըմբիշի առավելությունը ակնհայտ էր։
Արման Անդրեասյանը բրոնզե մեդալ է նվաճել ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշի մրցակիցն էր օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ճապոնացի Ռեյ Հիգուչին, որին Արսենը պարտվել էր աշխարհի 2022 թվականի առաջնության քառորդ եզրափակիչում։ Ցավոք, Հարությունյանին ռևանշի հասնել չհաջողվեց։ Հավասար պայքարում մեր ըմբիշը պարտվեց 14։16 հաշվով։ Քանի որ ճապոնացին մտավ եզրափակիչ, Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք ստացավ, ու այստեղ 10։0 հաշվով բացահայտ առավելության հասավ Չինաստանը ներկայացնող Վանհաո Ժուի նկատմամբ։
Երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթանակը մեր հավաքականին օլիմպիական առաջին ուղեգիրն ապահովեց ըմբշամարտում։
Վաղը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Վազգեն Թևանյանը, որը հաղթանակի հասնելու դեպքում նույնպես կնվաճի օլիմպիական խաղերի ուղեգիր։
Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու անցավ ԱԱ կիսաեզրափակիչ