ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լաչինի միջանցքի թեման քննարկել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կայացել է Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակում:
«Միրզոյանը շեշտել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը խախտում է ոչ միայն Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլև միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերը, Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումները: Ընդգծվել է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքի արգելափակման վերացման, իսկ ընդհանուր խաղաղության գործընթացի արդյունավետության համատեքստում՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյա փոխգործակցության միջոցով ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունը և պատրաստակամություն հայտնել ընդլայնել երկկողմ օրակարգը նոր ուղղություններով:
Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ակտիվ կյանքի կոչումը, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը, որի կազմում Էստոնիան ունի անմիջական մասնակցություն:
Նշենք, որ Արարատ Միրզոյանը Նյու Յորք է մեկնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին մասնակցելու համար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նա Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը քննարկել է նաև Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Սեպտեմբերի 17–ին, հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը` շեշտելով, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է։
Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Ակնա-Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ։ Շուրջ 28 տոննա հումանիտար բեռը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ: