Կոալիցիա չենք կազմի. Հայկ Մարությանը երկու առաջարկ ներկայացրեց

Հայկ Մարությանը ընտրություններին
Մարությանի խոսքով` ընդդիմության գլխավոր նպատակն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը զրկել քաղաքային իշխանություններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու 4 ընդդիմադիր ուժերն իրար հետ ունեն քաղաքական և գաղափարական լուրջ տարաձայնություններ, ուստի պետք է ընտրել Երևանի քաղաքապետ` առանց կոալիցիա կազմելու։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
«Մեր ուժը 4 ընդդիմադիր ուժերի մեջ ամենաշատ ձայներն է հավաքել, ուստի առաջարկում եմ, որ մենք առաջարկենք քաղաքապետի թեկնածու. խոսքն իմ մասին է։ Եվ մնացած քաղաքական ուժերը, առանց որևէ կոալիցիաներ կազմելու և ստվերային պայմանավորվածությունների, գան և քվեարկեն իմ համար։ Սա շատ ազնիվ կլինի թե՛ մեր ընտրողների նկատմամբ, թ՛ե մեր, քանի որ ոչ մեկս իր սկզբունքներից դուրս չի գա»,–ասաց նա։
Նա ընդգծեց, որ ընդդիմության գլխավոր նպատակն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը զրկել քաղաքային իշխանություններից։
«Այսինքն` մենք դառնում ենք քաղաքային իշխանություն, իսկ մնացած ուժերը դառնում են ընդդիմություն և ազատ կարող են իրենց վերահսկողական ֆունկցիաներն իրականացնել որպես ավագանու անդամ»,–ասաց Մարությանը։
Երկրորդ տարբերակով Մարությանն առաջարկում է գնալ նոր ընտրությունների։
Նրա խոսքով` եթե ինչ–ինչ պատճառներով 3 ընդդիմադիր ուժերը չհամաձայնեն իր առաջարկին, ապա կարող են գնալ նոր քաղաքային ընտրությունների և արդեն ժողովուրդը կորոշի հետագա ընթացքը։
Ավելի վաղ «Մայր Հայաստան» դաշինքի առաջին համար Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ դաշինքը պատրաստ է քննարկել համագործակցության բոլոր ձևաչափերը այն պարագայում, եթե ընդդիմադիր ուժը համաձայն լինի ամբողջական իշխանափոխության ծրագրի հարցում։
Թևանյանը վստահեցրել էր, որ իր համար քաղաքապետ դառնալն առաջնահերթություն չէ, մասնակցության միակ պատճառը իշխանափոխությունն է։
Իր հերթին «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը (առաջին համարը` Արտակ Գալստյան) հայտարարել էր, որ պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության) և «Մայր Հայաստան» դաշինքի (Անդրանիկ Թևանյան) հետ։ Նա նշել էր՝ կողմ է, որ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ էին, որոնց մասնակցեցին 13 կուսակցություն և 1 դաշինք։
Մասնակից ուժերի քվեները բաշխվեցին հետևյալ կերպ`
1.
«Հանրային ձայն» կուսակցություն– 22․431 (9.68%),
2.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն– 75․463 (32.57%),
3.
«Արդար Հայաստան» կուսակցություն– 2595 (1.12%),
4.
«Հաղթանակ» կուսակցություն– 3959 (1.71%),
5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն– 1706 (0.74%),
6.
«Հայաստանի եվրոպական կուսակցություն– 2572 (1.11%),
7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն– 43․765 (18․89%),
8.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն–780 (0.34%),
9.
«Հանրապետություն» կուսակցություն– 26․236 (11.32%),
10.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն–1282 (0.55%),
11.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն– 4174 (1.8%),
12.
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն– 2348 (1.01%),
13.
«Ապրելու երկիր» կուսակցություն– 8425 (3.64%),
14.
«Մայր Հայաստան» դաշինք– 35․739 (15.43%)։
Ստացվում է, որ անցողիկ շեմը հաղթահարեց 5 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Հանրային ձայն» կուսակցությունը։