ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արամ Նիկոյանը նշանակվել է պրոբացիայի ծառայության պետ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Նիկոյանին նշանակել պրոբացիայի ծառայության պետ»,– նշված է որոշման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պրոբացիայի ծառայության ղեկավար Գևորգ Սիմոնյանին ազատել է պաշտոնից։
Հիշեցնենք` Սիմոնյանը պրոբացիայի ծառայության ղեկավար էր նշանակվել այս տարվա հունվարի 18–ին:
Նշենք, որ Արամ Նիկոյանը Երևանի նախկին փոխքաղաքապետ, «Դիմադրություն» շարժման հանրահավաքների ակտիվ մասնակից Վահե Նիկոյանի եղբայրն է, որն աշխատել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման տարիներին և հրաժարվել էր աշխատել Հայկ Մարությանի հետ։
Ավելի վաղ Փաշինյանի որոշմամբ Արամ Նիկոյանը նշանակվել էր քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար: Դրանից առաջ էլ զբաղեցնում էր ՀՀ Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը։