ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ Հայաստանի Հանրապետության համար դարձել են երեք խոշոր առևտրային գործընկերներից մեկը։ Հայաստան–ԱՄԷ գործարար համաժողովի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նրա` 2022 թ–ին ՀՀ և ԱՄԷ առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը։
«2023 թ առաջին յոթ ամսվա տվյալներով` մեր երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմել է 870 մլն դոլար, որը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները»,– վստահեցրեց նախարարը։
Հայաստան–ԱՄԷ գործարար համաժողովին հայկական կողմից մասնակցում է 200–ից ավելի գործարար։ Ըստ նախարարի` սա նախորդ 25 տարվա ընթացքում Հայաստան–ԱՄԷ ամենախոշոր գործարար համաժողովն է։
Քերոբյանի համոզմամբ` դա արձագանքն է այն զագացող տնտեսական հարաբերությունների, որոնք ունենք ԱՄԷ գործընկերների հետ։
«Տնտեսական հարաբերությունները ԱՄԷ–ի հետ բազմաշերտ են` ֆինանսական, անշարժ գույքի, առևտրի, արդյունաբերության, մշակույթի, առողջապահության ոլորտներում և այլն։ Գիտեք, որ զբոսաշրջության բնագավառում էլ ՀՀ ԱԳ նախարարԱրարատ Միրզոյանը ստորագրեց համաձայնագիր, ըստ որի` երկու երկրների միջև վիզաների ռեժիմը չեղարկվում է։ Սա կարևոր է մեզ համար թե՛ներգնա, թե արտագնա տուրիզմի համար»,– հայտարարեց Վահան Քերոբյանը։
Նախարարը ԱՄԷ–ի հետ տնտեսական բոլոր շերտերում տեսնում է դեռևս չիրացված պոտենցիալ և այժմ մի շարք խոշոր ծրագրեր են քննարկվում։ Օրինակ` նախատեսվում է խոշոր ներդրումներ անշարժ գույքի, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում։
«Կարծում ենք, որ այս բիզնես ֆորումից հետո դրանք ավելի կշատանան»,– կարծիք հայտնեց Վահան Քերոբյանը։
Ինչ վերաբերում է դեպի ԱՄԷ և հակառակ ուղղությամբ վերարտահանման հետ կապված ռիսկերին` կապված ՌԴ նկատմամբ արևմտյան պատժամիջոցների հետ, նախարար Քերոբյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ վերարտահանման դեպքում հայկական ընկերությունները չընկնեն երկրորդային պատժամիջոցների տակ։
«Մեր գործիքակազմով փորձում ենք բացառել սանկցիոն ապրանքների առևտուրը»,– ընդգծեց նա։
Բացի սանկցիոն ապրանքների վերարտահանումից, ՀՀ–ն և ԱՄԷ–ն, ըստ նրա, շահագրգռված են, որպեսզի մաքսիմալացնեն այն հնարավորությունները, որոնք կան աշխարհում։
Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 18-ին անցկացվում է Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողով։ Համաժողովը կազմակերպվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։
Համաժողովի շրջանակներում ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր «Էնթերփրայզ Արմենիա»-ի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։