ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրաթների հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա ակտիվացնել ինչպես զբոսաշրջային հոսքերը երկու ուղղություններով, այնպես էլ զարգացնել գործարար կապերը։ Հայաստան–ԱՄԷ գործարար համաժողովի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-8-ը պաշտոնական այցով մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ ստորագրվել է վիզային ռեժիմի վերացման համաձայնագիրը։
Վահան Կոստանյանը նշեց, որ վիզաների ազատականացման մասին կնքված համաձայնագիրը դեռևս ուժի մեջ չի մտել. այն պետք է գնա ՀՀ սահմանադրական դատարան, սահմանադրական վերահսկողություն պետք է անցնի, դրանից հետո ներկայացվի ԱԺ՝ վավերացման:
«Հույս ունենք, որ շատ կարճ ժամանակահատվածում կավարտենք գործընթացը»,– ասաց Կոստանյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի և ԱՄԷ–ի հարաբերություններին, ապա դրանք, ըստ նրա, բավական դինամիկ են զարգանում հատկապես վերջին շրջանում:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ Արարատ Միրզոյանի` Աբու Դաբի կատարած այցի ժամանակ գործնական մի քանի պայմանավորվածություն է ձեռք բերվել, որոնց կյանքի կոչման ուղղությամբ արդեն աշխատանքներ պետք է տանի ՀՀ կառավարությունը:
«Սա թույլ կտա էլ ավելի զարգացնել տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև: Այսօր արդեն այն առևտրաշրջանառությունը, որ ունենք ԱՄԷ-ի հետ, բավականին մեծ է: Ըստ էության, ԱՄԷ-ն Մերձավոր Արևելքում մեր առաջին առևտրային գործընկերն է, բայց, վստահաբար, շատ ավելի մեծ շուկա կա, որին պետք է փորձենք հասնել»,– ընդգծեց Վահան Կոստանյանը:
Նրա խոսքով` այսօրվա բիզնես–ֆորումների նման միջոցառումներն աջակցելու են մեր գործարարներին, որպեսզի նրանք կարողանան կապեր հաստատել իրենց էմիրաթցի գործընկերների հետ:
ԱԳ փոխնախարարի վստահեցմամբ` ՀՀ կառավարությունը և ԱԳՆ-ն հոգ են տանում, որպեսզի էմիրաթական կողմի հետ համապատասխան իրավապայմանագրային բազան թարմացվի։ Դա, ըստ նրա, դա թույլ կտա ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծել համագործակցությունը խորացնելու համար: