ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Կողմերի միջև ձեռքբերված այս փոխհամաձայնությունը թույլ տվեց Կարմիր խաչի թիմերին` վերսկսելու կյանք փրկող աշխատանքը։ Այսպիսի հայտարարություն է տարածել ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերը` մեկնաբանելով Լաչինով և Աղդամով միաժամանակ հումանիտար բեռնափոխադրումների թույլատրմանը։
Նշվում է, որ համառ դիվանագիտական ջանքերի արդյունքում ԿԽՄԿ–ն այսօր Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ալյուրի և բժշկական նշանակության առաջին անհրաժեշտության պարագաների խմբաքանակներ է առաքում մարդկանց։
«Մենք մեծ թեթևացում ենք զգում, որ մարդասիրական օգնության կարիք ունեցող շատ մարդիկ վերջապես կստանան անհրաժեշտ աջակցություն առաջիկա օրերին։ Առողջապահական կառույցներում կա դեղորայքի պակաս։ Մարդիկ ժամերով հերթ են կանգնում հացի համար։ Նրանք շտապ օգնության կարիք ունեն՝ կանոնավոր մարդասիրական մատակարարումների տեսքով։ Այս կոնսենսուսը թույլ տվեց մեր թիմերին վերսկսելու այս կյանք փրկող աշխատանքը»,- ասել է Բաուերը։
ԿԽՄԿ–ից տեղեկացնում են, որ օգնությունն ուղարկվում է երկու բեռնատարով, որոնք միաժամանակ բեռներ են տեղափոխում ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Աղդամի ճանապարհով:
«Հուսով եմ, որ այս կոնսենսուսը թույլ կտա վերսկսել մեր զուտ մարդասիրական փոխադրումները ոչ միայն այսօր, այլև առաջիկա շաբաթների ընթացքում, որպեսզի մենք կարողանանք կանոնավոր կերպով օգնություն հասցնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,– ընդգծել է Բաուերը:
Նա հավելել է, որ ԿԽՄԿ–ի նպատակն է չեզոքության, անկողմնակալության և անկախության հիմնարար սկզբունքներին համապատասխան օգնության հասնել նրանց, ովքեր ամենից շատ ունեն դրա կարիքը:
Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 17–ին, հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը` շեշտելով, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Ակնա-Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ։
Քիչ անց հայտարարություն տարածեց նաև Արցախի տեղեկատվական շտաբը` հայտնելով, որ Բերձորի (Լաչին) միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։