ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել Արցախում իբր կատարվող ամրաշինական աշխատանքների վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին` ժամը 23:15-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում կատարել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ տևական ժամանակ է՝ Ադրբեջանի ՊՆ-ն նախ հաղորդագրություն է տարածում, թե հայկական ստորաբաժանումներն իբր կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես հերքում է այդօրինակ հաղորդագրությունները), իսկ հետո ադրբեջանական զինուժն է կրակ բացում հայկական դիրքերի ուղղությամբ։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 7–ին կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ՀՀ–ի և Արցախի շփման գծերում։
Նույն օրը ՀՀ ԱԳՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը և պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները: