ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ինչպես Լաչինի միջանցքով, այնպես էլ Ակնա-Ստեփանակերտ երթուղով ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ։
Հայտնել ենք, որ երեկ` սեպտեմբերի 17–ին, Արցախի իշխանությունները որոշում կայացրին թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը` շեշտելով, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` Ակնա-Ստեփանակերտ եդթուղով անցել է ԿԽՄԿ 1 բեռնատար և 2 մարդատար մեքենա, դրանք դիմավորել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի գրասենյակի աշխատակիցը։
Ադրբեջանում ԿԽՄԿ Ներկայացուցչի խոսքով՝ բեռները ներառում են ալյուր և դեղորայք։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հրապարակել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարի լուսանկարը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։