Ընտրությունների քարոզարշավի և քվեարկության ընթացքում ՔԿ–ն ստացել է 10 հաղորդում

Հաղորդումներից 8-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավի և քվեարկության ընթացքում կատարված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները։ Ընհանուր առմաբ ՔԿ–ն ստացել է 10 հաղորդում, որոնցից 8-ով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
«Վարույթներից 4-ը նախաձեռնվել են ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը), որոնք առնչվում են ընտրություններին մասնակցող քաղաքական տարբեր ուժերի պաստառները կամ այլ գույքը վնասելով քարոզչությանը խոչընդոտելուն»,– ասված է հաղորդագրությունում։
Վարույթներից 1-ը վերաբերում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի նախընտրական պաստառը վնասելուն, 1-ը՝ այլ անձանց կողմից դիտորդի՝ իր դիտորդական աշխատանքների իրականացմանն առերևույթ խոչընդոտելուն, 1-ը՝ քարոզչական երթերին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռմամբ անձանց հավաքագրմանը, ևս 1-ը՝ նախընտրական շրջանում Երևան քաղաքի Կուրղինյան փողոցում մի խումբ անձանց միջև առերևույթ միմյանց հարվածներ հասցնելով ուղեկցված միջադեպին։
Վերոնշյալ բոլոր քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։
«Ստացվել է նաև քվեարկության ընթացքում ընտրական կամ ընտրությունների հետ կապված այլ բնույթի հանցագործությունների մասին 2 հաղորդում։ Նյութերի ուսումնասիրության արդյունքում կազմվել է դրանց առթիվ քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն»,– ասված է հաղորդագրությունում։
Հաղորդումներից մեկը վերաբերել է առերևույթ քաղաքացու կողմից մեկից ավելի անգամ քվեարկելուն, որով պարզվել է, որ կրկնաքվերակությունը նույնականացման քարտը սարքավորման մեջ անցկացնելու հետ կապված տեխնիկական խնդրի արդյունք է։
Երկրորդ հաղորդումը վերաբերել է այլ բնույթի արարքի։
Հիշեցնենք` Երևանում այսօր ավագանու ընտրություններ էին, որին մասնակցում էին 13 կուսակցություն և 1 դաշինք։ Երևանի 12 վարչական շրջաններում գործել են 475 ընտրական տեղամասերի դռները։
Բազմաթիվ ահազանգեր անձնագերի` դեսպանատներում և վիզայի կենտրոններում լինելու մասին են. ԿԸՀ
Ըստ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հրապարակած տվյալների՝ ընտրություններին մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրողների 28.46 տոկոսը
Սեպտեմբերի 7-ի դրությամբ Երևանում ընտրողների թիվը կազմում է 824 հազար 250։
Ըստ վարչական շրջանների` ամենաշատ ընտրողները Շենգավիթ համայնքում են` 110780, իսկ ամենաքիչը Նուբարաշենում` 8065։