Ընտրական հանձնաժողովի անդամներից 23-ը չեն ներկայացել ընտրատեղամաս. ԿԸՀ նախագահ

Վահագն Հովակիմյան
Երևանում գործող 475 ընտրատեղամասից 3–ում միաժամանակ ընտրական հանձնաժողովի 2-ական անդամ բացակայել է, ինչի արդյունքում տարածքային ընտրական հանձնաժողովը նոր նշանակում է արել ԸՕ սահմանված կարգով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Երևանում ավագանու ընտրությունները բնականոն ընթացքով են անցկացվում։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Իմ գնահատմամբ` ընտրությունները մրցակցային են, ամեն ինչ թափանցիկ է լինելու։ Երևանում գործող 475 տեղամասերն էլ ժամը 08։00-ից բացվել են, 460 տեղամասերում ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներից բացի եղել են նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ, վստահված անձինք։ Ընդհանուր առմամբ 23 դեպք է գրանցվել, որտեղ չեն եղել ընտրական հանձնաժողովի անդամներ, միայն 3 դեպքում է տարածքային ընտրական հանձնաժողովը նոր նշանակում արել Ընտրական օրենսգրքով (ԸՕ) սահմանված կարգով (3 ընտրատեղամասից յուրաքանչյուրում միաժամանակ ընտրական հանձնաժողովի 2 անդամ բացակայել է. խմբ.)»,– նշեց Հովակիմյանը։
Նա շեշտեց, որ ընտրատեղամասերում բոլոր սարքերը տպել են զրոյական տեղեկանք, ԿԸՀ–ն էլ առցանց վերահսկում է քվեարկությունը։
Հիշեցնենք` Երևանում այսօր ավագանու ընտրություններ են անցկացվում, որին մասնակցում են 13 կուսակցություն և 1 դաշինք.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն (թեկնածուն` Տիգրան Խզմալյան),
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան),
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան),
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (Արման Ղուկասյան),
«Ուժը հայրենյաց» կուսակցություն (Նելլի Հարությունյան),
«Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան),
«Ազգային առաջընթաց» կուսակցություն (Հայկ Մարության),
«Հաղթանակ» կուսակցություն (Վիկտոր Մնացականյան),
«Ապրելու երկիր» կուսակցություն (Մանե Թանդիլյան),
«Հանրապետություն» կուսակցություն (Արտակ Զեյնալյան),
«Միացյալ Հայաստան» կուսակցություն (Երվանդ Թարվերդյան),
«Արդար Հայաստան» կուսակցություն (Նորիկ Նորիկյան),
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Դավիթ Խաժակյան),
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ) (Անդրանիկ Թևանյան)։
Երևանի ավագանու կազմ կանցնեն չորս կամ հինգ ուժ. Վիգեն Հակոբյանը վերլուծում է ընտրապայքարը