Թեկնածուների համար անվճար եթերի պահանջը խնդրահարույց էր Հայաստանի TV-ների համար

Հեռուստացույց
Մինչև 15 րոպե անվճար եթերի պահանջը տարածվել է նաև մասնավոր հեռուստաընկերությունների վրա, մինչդեռ դրանց եկամուտներն առանց այդ էլ նվազում են գովազդների կրճատման ֆոնին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Թեկնածուների համար անվճար եթերաժամի պահանջը խնդրահարույց է Հայաստանի հեռուստաալիքների համար։ Այսօր ԿԸՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչ Լիանա Դոխիկյանը՝ ներկայացնելով նախընտրական շրջանի դիտարկման արդյունքները։
Հանձնաժողովը դեռևս չի նախապատրաստել հրապարակումների հավասարության (դրական, բացասական և չեզոք), ինչպես նաև լռության օրվա խախտման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները:
Խախտումների թվում նա հիշատակել է այն դեպքը, երբ «Նոր Հայաստան» հեռուստաընկերության եթերում նախընտրական քարոզչությունը չի ուղեկցվել այդ մասին մատնանշող լուսագրերով։ Հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ։
Բացի այդ, հանձնաժողովը մտահոգություն է հայտնել օրենսդրական փոփոխությունների առնչությամբ, որոնց համաձայն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը մինչև 15 րոպե անվճար եթերաժամ են ստանում ոչ միայն Հանրային հեռուստատեսությամբ, ինչպես նախկինում, այլև մայրաքաղաքային սփռում ունեցող հանրային ցանցի (մուլտիպլեքսի) շրջանակներում հեռարձակման լիցենզիա ստացած բոլոր հեռուստաալիքներով։ Օրենսդրական այս փոփոխությունն առաջին անգամ է կիրառվում Երևանի ավագանու ընտրությունների վրա։
Դոխիկյանը նշեց, որ օրենսդրության այս պահանջը բացասաբար է անդրադառնում մասնավոր հեռուստաընկերությունների եկամուտների վրա, որոնց թիվն առանց այն էլ վերջին տարիներին անշեղորեն նվազում են դիտումների և գովազդի կրճատման պայմաններում:
Նա նշել է, որ մի շարք դեպքերում նկատվել են մի շարք հեռուստաալիքների (Freenews, ATV և «Շանթ») եթերի անջատումներ լրատվական թողարկումների և նախընտրական քարոզչության ժամերին: Նման դեպքեր տեղի են ունեցել օգոստոսի 28-ին և սեպտեմբերի 11-ին։
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ–ն հայտարարություն էր տարածել, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, հիմնական լրատվական թողարկումների և նախընտրական գովազդի ժամանակահատվածում եթերազրկումներ չեն լինելու, սակայն պարբերական բնույթ կրող անջատումները շարունակվել են նաև այս ժամանակահատվածում»,– նշեց Դոխիկյանը։
Ինչ վերաբերում է վճարովի նախընտրական գովազդին, ապա Հանրային ռադիոյում դրա սակագինը սահմանվել է 1300 դրամ 1 րոպեի համար, իսկ Հանրային հեռուստատեսությունում ՝ 48000 դրամ։ Մասնավոր հեռուստաալիքները գները սահմանում են շուկայական պայմաններով։
Հիշեցնենք` Երևանում այսօր ավագանու ընտրություններ են անցկացվում, որին մասնակցում են 13 կուսակցություն և 1 դաշինք.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն (թեկնածուն` Տիգրան Խզմալյան),
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան),
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան),
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (Արման Ղուկասյան),
«Ուժը հայրենյաց» կուսակցություն (Նելլի Հարությունյան),
«Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան),
«Ազգային առաջընթաց» կուսակցություն (Հայկ Մարության),
«Հաղթանակ» կուսակցություն (Վիկտոր Մնացականյան),
«Ապրելու երկիր» կուսակցություն (Մանե Թանդիլյան),
«Հանրապետություն» կուսակցություն (Արտակ Զեյնալյան),
«Միացյալ Հայաստան» կուսակցություն (Երվանդ Թարվերդյան),
«Արդար Հայաստան» կուսակցություն (Նորիկ Նորիկյան),
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Դավիթ Խաժակյան),
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ) (Անդրանիկ Թևանյան)։
Կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկում չի եղել. Մարությանը վստահ է` 50+% ձայն կունենան
Նշենք, որ ժամը 08։00–ին Երևանի 12 վարչական շրջաններում բացվել են 475 ընտրական տեղամասերի դռները։
Երևանի քաղաքի գրանցում ունեցող քաղաքացիները կարող են մինչև երեկոյան 20։00–ն մասնակցել ավագանու ընտրություններին և իրենց քվեն տալ նախընտրած ուժին։
Սեպտեմբերի 7-ի դրությամբ Երևանում ընտրողների թիվը կազմում է 824 հազար 250։ Ըստ վարչական շրջանների` ամենաշատ ընտրողները Շենգավիթ համայնքում են` 110780, իսկ ամենաքիչը Նուբարաշենում` 8065։