ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանին ազատ են արձակել 1 միլիոն դրամի գրավի դիմաց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Ալոյանի պաշտպան Լևոն Սահակյանը։
Ինչ վերաբերում է նույն գործով ձերբակալված Գևորգ Ալթունյանին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 20 մլն դրամ գրավ:
Հիշեցնենք` Դեպտեմբերի 15–ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը։ Նրա փաստաբան Լևոն Սահակյանը գրել էր, որ իր պաշտպանյալը մեղադրվում է այն բանի համար, որ «հանդգնել է ՀՀ պաշտպանության նախարարությանը օրենքով սահմանված կարգով օգտակար լինել»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստաբան Լևոն Սահակյանը հայտնել էր, որ 2019-20 թվականներին dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը կայքի տվյալների բազան հասարակական հիմունքներով փոխանցել է պաշտպանության նախարարությանը, որպեսզի գերատեսչության համար պրոդուկտ պատրաստվի։ Տարիներ անց պարզվել է, որ այդ պրոդուկտը ՊՆ–ն չի օգտագործում և այդ հիմքով հարուցվել է քրեական վարույթ։
Սեպտեմբերի 16-ին էլ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 5 անձինք, այդ թվում dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը և ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը, մեղադրվում են ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019-2021թթ. ընթացքում կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում 106.300.000 ՀՀ դրամի հափշտակելու մեջ։ Նշված անձանց 2023 թվականի սեպտեմբերի 15–ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։
Նույն օրը որոշում էր կայացվել վերջիններիս ձերբակալելու մասին։ Միջնորդություն էր ներկայացվել դատարան` Գևորգ Ալթունյանի, Սուրեն Ալոյանիի, Ա.Բ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։