Քաղաքական դաշտը պետք է առողջացնել. ՀՀ ԱԺ նախկին նախագահ

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը
ԱԺ նախկին նախագահը չպատասխանեց քաղաքական հարցերին՝ ասելով միայն, որ քաղաքական ուժերին չի կարելի բաժանել նախկինների և ներկաների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի քաղաքական դաշտը պետք է առողջացնել։ Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո այս հայտարարությունն արեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:
Հարցին, թե ում օգտին է քվեարկել, Բաբլոյանը նշեց, որ երկրում քաղաքական դաշտը պետք է առողջացնել, իսկ քաղաքական ուժերին չի կարելի բաժանել նախկինների ու ներկաների: Քաղաքական բնույթի հարցերին նա հրաժարվեց պատասխանել։
«Ինչո՞ւ եք ուզում իմանալ, թե ում օգտին եմ քվեարկել։ Ես` ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, կարող եմ քվեարկել ում հարմար կգտնեմ։ Դուք հարցերը տեղափոխում եք քաղաքական դաշտ, իսկ ես հիմա զբաղվում եմ առողջապահությամբ»,– հայտարարեց նա։
Բաբլոյանը տևական ժամանակ եղել է ԱԺ պատգամավոր, իսկ 2017–2018 թվականներին` խորհրդարանի նախագահ: Բժշկական գիտությունների դոկտոր Բաբլոյանը երկար տարիներ եղել է «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրենը, որից հետո այդ պաշտոնը փոխանցել է որդուն՝ մնալով հիվանդանոցի գիտական և կառավարման խորհրդի ղեկավար:
Հիշեցնենք` Երևանում այսօր ավագանու ընտրություններ են անցկացվում, որին մասնակցում են 13 կուսակցություն և 1 դաշինք.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն (թեկնածուն` Տիգրան Խզմալյան),
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան),
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան),
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (Արման Ղուկասյան),
«Ուժը հայրենյաց» կուսակցություն (Նելլի Հարությունյան),
«Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան),
«Ազգային առաջընթաց» կուսակցություն (Հայկ Մարության),
«Հաղթանակ» կուսակցություն (Վիկտոր Մնացականյան),
«Ապրելու երկիր» կուսակցություն (Մանե Թանդիլյան),
«Հանրապետություն» կուսակցություն (Արտակ Զեյնալյան),
«Միացյալ Հայաստան» կուսակցություն (Երվանդ Թարվերդյան),
«Արդար Հայաստան» կուսակցություն (Նորիկ Նորիկյան),
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Դավիթ Խաժակյան),
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ) (Անդրանիկ Թևանյան)։
Կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկում չի եղել. Մարությանը վստահ է` 50+% ձայն կունենան
Նշենք, որ ժամը 08։00–ին Երևանի 12 վարչական շրջաններում բացվել են 475 ընտրական տեղամասերի դռները։
Երևանի քաղաքի գրանցում ունեցող քաղաքացիները կարող են մինչև երեկոյան 20։00–ն մասնակցել ավագանու ընտրություններին և իրենց քվեն տալ նախընտրած ուժին։
Սեպտեմբերի 7-ի դրությամբ Երևանում ընտրողների թիվը կազմում է 824 հազար 250։ Ըստ վարչական շրջանների` ամենաշատ ընտրողները Շենգավիթ համայնքում են` 110780, իսկ ամենաքիչը Նուբարաշենում` 8065։
Ընտրողից պահանջել են հրապարակել, թե ում օգտին է քվեարկել. ինչ խախտումներ է գրանցել ԿԸՀ–ն