Մեզ համար կարևոր է հենց երևանցիների քվեն, այլ ոչ օտարերկրացիներինը. Մանե Թանդիլյան

Մանե Թանդիլյանն ընտրություն կատարելիս
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն քարոզարշավի ժամանակ բոլորի հետ միտումնավոր է հայերեն շփվել, քանի որ կարծում է, որ երևանցիներն են տերն այս քաղաքի, հետևաբար, տերերի կարծիքն է իրեն առավել հետաքրքիր եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն իր հաղթելու իր շանսերը բավականին բարձր է գնահատում։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին և հատկապես Արցախի հարցում իշխանությունների դիրքորոշումներին։
«Մանկապարտեզները չեն կարող հաղթել Արցախի հարցում։ Այս իշխանությունների աշխարհաքաղաքական և արտաքին քաղաքական ձախողումներն ավելի քան տեսանելի են։ Այս իշխանությունները վնասել են մեր ինքնիշխանությունը ու հենց դրա համար չպետք է ընտրել այս իշխանություններին։ Չմոռանանք, որ ադրբեջանական զորքն այսօր` ընտրությունների օրը, դեռ գտնվում է ՀՀ տարածքում»,– ընդգծեց Թանդիլյանը։
Նա անդրադարձավ նաև «Հանրապետություն» կուսակցության և նրա առաջնորդ Արամ Սարգսյանի հայտարարություններին` հատկապես իր անձի հետ կապված։
«Ես ցավում եմ, որ Արամ Սարգսյանն ու իր թիմը ամբողջ նախընտրական պայքարի ժամանակ փորձեցին պիտակավորել ու վարկաբեկել ինձ, մինչդեռ մենք միասին ժամանակին ճանապարհ ենք անցել։ Ես այդպես չէի վարվի»,– նկատեց Մանե Թանդիլյանը։
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին օտարերկրացիների` հատկապես հնդիկների մասնակցությանը, որոնց ընդդիմադիր հատվածը համարում է իշխանության վերարտադրությանը նպաստող միջոց, Մանե Թանդիլյանը նշեց, որ օրենքով, ցավոք, ոչ մի արգելք չկա այն մարդկանց դեպքում, որոնք մեկ տարուց ավելի է` ապրում են Երևանում ու արդեն կարող են մասնակցել տեղական ինքնակառավարման ընտրություններին։
«Քարոզարշավի ժամանակ բոլորի հետ հայերեն եմ շփվել, այդ պատճառով օտարերկրացիների հետ կոմունիկացվելու խնդիր կար։ Մյուս կողմից, մեզ համար շատ կարևոր է հենց երևանցիների քվեն, մենք դիտարկում ենք հենց նրանց քվեն։ Երևանցիներն են տերն այս քաղաքի, հետևաբար տերերի կարծիքն է ինձ ավելի հետաքրքրիր եղել»,– հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն։
Ընտրողներից պահանջել են հրապարակել, թե ում օգտին են քվեարկել. ինչ խախտումներ են գրանցվել
Հիշեցնենք` Երևանում այսօր ավագանու ընտրություններ են անցկացվում, որին մասնակցում են 13 կուսակցություն և 1 դաշինք.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն (թեկնածուն` Տիգրան Խզմալյան),
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան),
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան),
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (Արման Ղուկասյան),
«Ուժը հայրենյաց» կուսակցություն (Նելլի Հարությունյան),
«Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան),
«Ազգային առաջընթաց» կուսակցություն (Հայկ Մարության),
«Հաղթանակ» կուսակցություն (Վիկտոր Մնացականյան),
«Ապրելու երկիր» կուսակցություն (Մանե Թանդիլյան),.
«Հանրապետություն» կուսակցություն (Արտակ Զեյնալյան),.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն (Երվանդ Թարվերդյան),.
«Արդար Հայաստան» կուսակցություն (Նորիկ Նորիկյան),.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Դավիթ Խաժակյան),.
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ) (Անդրանիկ Թևանյան)։