Կալանավորները չեն կարող քվեարկել, այդ թվում՝ «Հանրային ձայնի» թեկնածու Արտակ Գալստյանը

Արտակ Գալստյան
Անազատության մեջ գտնվող թեկնածուների ընտրություններին մասնակից լինելու իրավունքը ապահովվում է օրը երեք ժամ վստահված անձանց հետ հանդիպում թույլ տալով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Կալանավորները և դատապարտյալները չեն կարող քվեարկել ՏԻՄ ընտրությունների ժամանակ, հետևաբար նաև Երևանի ավագանու ընտրություններում, ուստի քվեարկելու իրավունք չունի նաև կալանավայրում գտնվող՝ «Հանրային ձայն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Գալստյանը։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյան։
«Ընտրական օրենսգիրքը շատ հստակ սահմանում է, որ ՔԿՀ–ներում ձերբակալված անձանց պահման վայրերում և ՀՀ տարածքից դուրս քվեարկելու իրավունքի իրացումը ապահովում է բացառապես ԱԺ ընտրությունների ժամանակ, և նշված վայրերում ընտրողների ցուցակները ևս կազմվում են միայն համապետական ընտրությունների ժամանակ»,–պարզաբանեց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում այս ընտրություններում քաղաքապետի թեկնածուներից մեկի` «Հանրային ձայն» կուսակցության թեկնածու Արտակ Գալստյանի ընտրական իրավունքի ապահովմանը, Հովհաննիսյանն ընդգծեց, որ որևէ անհավասար պայմաններ առկա չեն։
«Ընտրական այս փուլում գործում են նաև մյուս իրավական ակտերը` Քրեական դատավարության օրենսգիրքը, Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը և մյուս օրենքները։ Թեկնածուն ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն քվեարկելու իրավունք չունի, որովհետև այդ վայրերում տեղամասային կենտրոններ չեն ձևավորվել»,–ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ ոչ ազատության մեջ գտնվող թեկնածուների նախընտրական փուլի հետ կապված կարգավորումները ընտրական օրենսգրքով կարգավորվում է հետևյալ կերպ` վերջիններս կարող են օրը երեք ժամ հանդիպել վստահված անձանց հետ, և այդ կերպ օրենսդրությունը նրանց ընտրություններին մասնակից լինելու իրավունքը ապահովում է։