Իրանը թույլ չի տա փակել Հայաստանն Իրանին կապող իր պատմական ճանապարհը. արտգործնախարար

Հոսեյն Աբդոլահիան
Հոսեյն Աբդոլահիանն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Իրանը թույլ չի տա սահմանափակել կամ փակել Հայաստանը Իրանին կապող իր պատմական ճանապարհն այս տարածաշրջանում։ Լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն է արել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլլահիանը` անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խնդրին։ Տեղեկությունը հայտնում է «Irna» գործակալությունը։
«Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ապա Իրանը թույլ չի տա սահմանափակել կամ փակել իր պատմական երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանին»,– ընդգծել է նա:
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ Թեհրանն ուշադիր հետևում է Կովկասում տիրող իրավիճակին և զրույցներ է ունենում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ խաղաղության և անվտանգության ապահովման համար:
Հիշեցնենք` սեպտեմբերի 3-ին Աբդոլլահիանը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Իրանը չի ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և առկա տարանցիկ երթուղիների արգելափակում: