ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հասցեագրված բողոքների զգալի մասը վերաբերել է ընտրատեղամասերի գտնվելու վայրի մասին վատ իրազեկմանը: ՏեղեկությունըԿենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեցՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծված քաղաքացիների ընտրական իրավունքի ապահովման աշխատանքային խմբի ղեկավար Արամ Մինասյանը։
Զգալի թվով նման բողոքներ են հասցեագրվել նաև ԿԸՀ-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցները խնդիրը լուծել են՝ ընտրողներից խնդրելով իրենց հասցեները և նրանց ասելով ընտրատեղամասերը։ Բացի այդ, ԿԸՀ կայքում նշված են եղել տեղամասերի հասցեները և դրանց գտնվելու վայրը քաղաքի քարտեզի վրա։
Մի շարք հարցեր եղել են անձնագրի ժամկետը լրացած քաղաքացիներից։ Ահազանգեր են ստացվել նաև տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, ինչպես նաև տեղամասերի վատ կահավորման մասին (արձանագրվել են դեպքեր, երբ խափանվել են անձնագրեր և նույնականացման քարտեր կարդացող սարքերը)։ Մասնավորապես, մի տեղամասում թեքահարթակ չկար, իսկ մի քանի այլ տեղամասերում դրանք անհարմար էին մոնտաժված (այնպես, որ անվասայլակով թեքահարթակից հնարավոր չէ կամ դժվար է ներս մտնել)։ Մինասյանն ավելացրեց, որ բացի այդ, որոշ տեղամասեր վատ էին լուսավորված, ինչը օրվա վերջում դժվարացնում էր քվեարկությունը:
Հիշեցնենք` Երևանում այսօր ավագանու ընտրություններ էին, որին մասնակցում էին 13 կուսակցություն և 1 դաշինք.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն (թեկնածուն` Տիգրան Խզմալյան),
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան),
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան),
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (Արման Ղուկասյան),
«Ուժը հայրենյաց» կուսակցություն (Նելլի Հարությունյան),
«Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան),
«Ազգային առաջընթաց» կուսակցություն (Հայկ Մարության),
«Հաղթանակ» կուսակցություն (Վիկտոր Մնացականյան),
«Ապրելու երկիր» կուսակցություն (Մանե Թանդիլյան),
«Հանրապետություն» կուսակցություն (Արտակ Զեյնալյան),
«Միացյալ Հայաստան» կուսակցություն (Երվանդ Թարվերդյան),
«Արդար Հայաստան» կուսակցություն (Նորիկ Նորիկյան),
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Դավիթ Խաժակյան),
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ) (Անդրանիկ Թևանյան)։
Նշենք, որ ժամը 08։00–ին Երևանի 12 վարչական շրջաններում բացվել են 475 ընտրական տեղամասերի դռները։
Սեպտեմբերի 7-ի դրությամբ Երևանում ընտրողների թիվը կազմում է 824 հազար 250։ Ըստ վարչական շրջանների` ամենաշատ ընտրողները Շենգավիթ համայնքում են` 110780, իսկ ամենաքիչը Նուբարաշենում` 8065։