ՀՀ քաղաքացի չհանդիսացող, բայց Երևանում հաշվառված մարդիկ կարող են ընտրել. Սմբատյան

Արմեն Սմբատյան. Արխիվային լուսանկար
Այդ անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ՀՀ կողմից տրված կացության քարտը։ Նշենք, որ մոտ 15․000 օտարերկրացի կկարողանա մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող մարդիկ իրավունք ունեն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու, եթե վերջին մեկ տարվա ընթացքում հաշվառված են Երևանում։ Այս մասին ԿԸՀ ասուլիսի ժամանակ ասաց հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
«Նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, բայց վերջին մեկ տարում հաշվառված են տվյալ համայնքում՝ իրավունք ունեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ քվեարկել»,-ընդգծեց Սմբատյանը։
Նա նշեց, որ այդ անձանց համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ՀՀ կողմից տրված կացության քարտը։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն էլ, անդրադառնալով քարոզարշավի ընթացքում հնդիկների մասնակցությանը և նրանց ընտրելու իրավունքին նշեց, որ Երևանում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հնդկաստանի քաղաքացիների թիվը 89–ն է։
Ընդհանուր առմամբ` այս ընտրություններում 14653 օտարերկրացիներ ունեն ընտրական իրավունք, որից 11890-ը ՌԴ քաղաքացիներ են։
Հիշեցնենք` Երևանում այսօր ավագանու ընտրություններ են անցկացվում, որին մասնակցում են 13 կուսակցություն և 1 դաշինք.
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն (թեկնածուն` Տիգրան Խզմալյան),
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան),
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան),
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (Արման Ղուկասյան),
«Ուժը հայրենյաց» կուսակցություն (Նելլի Հարությունյան),
«Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան),
«Ազգային առաջընթաց» կուսակցություն (Հայկ Մարության),
«Հաղթանակ» կուսակցություն (Վիկտոր Մնացականյան),
«Ապրելու երկիր» կուսակցություն (Մանե Թանդիլյան),
«Հանրապետություն» կուսակցություն (Արտակ Զեյնալյան),
«Միացյալ Հայաստան» կուսակցություն (Երվանդ Թարվերդյան),
«Արդար Հայաստան» կուսակցություն (Նորիկ Նորիկյան),
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Դավիթ Խաժակյան),
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ) (Անդրանիկ Թևանյան)։