ՀՀ ՄԻՊ–ն ուսումնասիրում է մանկապարտեզում երեխային հարվածելու տեսարանով տեսանյութը

ՀՀ ՄԻՊ–ն ուսումնասիրում է մանկապարտեզում երեխային հարվածելու տեսարանով տեսանյութը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հորդորել է չտարածել տեսանյութը` երեխայի լավագույն շահից ելնելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին բռնության ենթարկելու տեսարաններով տեսանյութն ուսումնասիրվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը։
Նշենք, որ սեպտեմբերի 16-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մանկապարտեզի աշխատակիցները բռնության ենթարկում սաներին: Ըստ սոցցանցային գրառումների` այդ մանկապարտեզը մասնավոր է, որտեղ ամսական վճարն 90.000 դրամ է։
«ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ–ի առաջնահերթություններից են»,– ասված է հաղորդագրությունում:
Պաշտպանն ընդգծել է, որ պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։
Երեխայի լավագույն շահից ելնելով` ՀՀ ՄԻՊ–ը հորդորել է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։
ՀՀ–ում 144 անձ է մեղադրվում ընտանեկան բռնության մեջ. ՔԿ–ն ամփոփել է 6 ամսվա արդյունքները